The Washington Post թերթը խմբագրականում անդրադարձել է Երևանյան բողոքի ցույցերին։ Թերթը հիշեցնում է, որ անցած ամիս Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման մենաշնորհ ունեցող ընկերությանը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին, որը պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմներից մեկի գլխավորած ռուսական ընկերությանը՝ «Ինտեր ՌԱՕ»-ին, թույլ է տրվել զգալիորեն բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Մինչև հիմա փողոցում գտնվող ցուցարարները, որոնք հիմնականում երիտասարդներ են և չունեն առաջնորդներ, չեն հայտարարել քաղաքական օրակարգի մասին, իսկ արևմտյան իշխանությունները հեռավորություն են պահել զարգացող իրադարձություններից: Թերթը նշում է, որ Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը սահմանափակվել է միայն «զսպվածության» կոչով։ «Պուտինի քարոզչամեքենան, սակայն, շտապեց եզրակացություններ անել»,- գրված է խմբագրականում: Ռուսական մամուլը պնդում էր, որ ԱՄՆ-ի դեսպանատունը ցույցեր է կազմակերպել՝ կրկնելու համար անցած տարի ՈՒկրաինայի հեղափոխությունը։
«Դուք գիտեք, թե ինչպես են սկսվել գունավոր հեղափոխությունները և ՈՒկրաինայում Մայդանը...»,- թերթը մեջբերում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ նշելով, որ դա հղում էր Կրեմլի սիրելի դավադրության տեսությանը, այն է՝ Կիևում և մյուս եվրասիական մայրաքաղաքներում ժողովրդական ընդվզումներն ինքնաբուխ չեն եղել, այլ մանրակրկիտ հրահրվել են ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից:
Պուտինը և նրա շրջապատը Ռուսաստանի ներսում կամ հարևան պետություններում, որոնց վրա նա ձգտում է գերիշխել, խռովության ցանկացած դրսևորմանը վերաբերում են որպես գաղտնի սցենարների: Հնարավորությունը, որ հայերը՝ աղքատացած ժողովուրդ, որի առաջնորդները վաճառել են իրենց տնտեսության մեծ մասը Ռուսաստանին, կարող են իրապես դժգոհ լինել Մոսկվայում գտնվող ընկերության կողմից 17 տոկոսով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից, Կրեմլում չի քննարկվում որպես տարբերակ:
Այժմ Հայաստանը վնասներ է կրում Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի պատճառով: Ռուբլու արժեզրկումն ազդել է Հայաստանի արժույթի վրա, իսկ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող Իգոր Սեչինի գլխավորած «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ կոնգլոմերատի նվազած եկամուտները ստիպում են նրան ավելի շատ եկամուտ փնտրել հայկական մասնաճյուղից, գրում է թերթը։